Երևանի քաղաքապետրանը մշակում է Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ, հայտնում է «Հայկական Ժամանակը»:
Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության հարցերի ենթահանձնաժողովում քննարկվել են Մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա և ստորգետնյա այլ կառույցների շինարարության և վերակառուցման հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նոր կայարանը նախատեսվում է կառուցել Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան-Աբելյան խաչմերուկի հատվածում, որը դեռ խորհրդային տարիներից մեծամասամբ՝ 70 տոկոսով, կառուցված է: Մնացած 30 տոկոսը կյանքի կոչելու համար կպահանջվի $75 մլն:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, ոլորտի մասնագետների ու պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է եղել նաև քաղաքապետարանում, ինչից հետո հանձնարարվել է գործող մետրոյի ամբողջ կառույցն իրականացրած «Արմթունել» ընկերության իրավահաջորդ «Արթուն» ընկերությանը ներկայացնել համապատասխան առաջարկ:
Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը մետրոյի առնվազն մեկ նոր կայարան կառուցելու մասին էր: