Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի տան և երթուղային միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Site Intelligence Group կազմակերպությունը, որը հետևում է ահաբեկիչների գործունեության մասին տեղեկատվությանը:
Directorate 4 Տելեգրամ ալիքը նույնպես հաստատում է այդ տեղեկությունը՝ հղում անելով ահաբեկիչներին պատկանող Al Naba թերթի հրապարակմանը:
«Այդ հարցի շուրջ իր տևական լռությունը խմբավորումը բացատրում է ահաբեկչություն գործած անձանց անվտանգության նկատառումներով: Մանրամասներ չեն բերվում: Ջիհադականները, սակայն, մեջբերում են ՌԴ իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն:
Պայթյունը որոտացել է Մագնիտոգորսկի բնակելի տներից մեկում դեկտեմբերի 31-ի առավոտյան: Մուտքերից մեկի փլուզման հետևանքով 39 մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական տվյալների, փլուզման պատճառ է դարձել գազի արտահոսքը:
Հունվարի 1-ին Մագնիտոգորսկում բռնկվել և պայթել է երթուղային միկրոավտոբուսներից մեկը՝ ըստ ՆԳՆ-ի, գազի սարքավորումների անսարքության պատճառով: Արդյունքում 3 մարդ է զոհվել: Մամուլում ենթադրություններ են հայտնվել, որ միջադեպերն ահաբեկչական գործողությունների հետևանք են: