Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում խոսել է երկրի՝ ռազմական ճանապարհով Արցախյան հիմնախնդիրը լուծելու պատրաստակամության մասին:
Նա մասնավորապես նշել է, որ «Հայաստանում թող չմտածեն, որ ժամանակ ձգձգելով կարողանալու են պահպանել ստատուս-քվոն»:
Հակառակորդ երկրի ԶՈՒ ԳՇ պետը նշել է նաև, որ նախագահ Իլհամ Ալիևը «ժամանակ է և հնարավորություն է տվել Հայաստանին՝ մտածելու գրավյալ տարածքները վերադարձնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով ՀՀ-ում ներքաղաքական բարդ վիճակը»:
Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:
Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։