ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստը սկսել է տնտեսական հեղափոխության իրականացման համար մի շարք հանձնարարականներով:
1. Նա հանձնարարել է վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել խնդիրները, կենտրոնացնել ամբողջ տեղեկատվությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:
2. Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլէկտրական էներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով:
3. Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը:
4. Մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ՀՀ քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:
5. Հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով:
6. Արագ բացահայտել այն բոլոր մարդկանց, ովքեր ամսական 100,000 դրամ և ավելի վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են սոցիալական կամ ընտանեկան նպաստներից:
7. Բանկային տոկոսադրույքների նվազեցման հարցը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել այդ ուղղությամբ:
8. Միկրոբիզնեսը, անասպանահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել:
9. Մեծ թափով սկսկել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը, և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
10. Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն կենտրոններն ու նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտությունները զարգացնելն է, մարդկանց ֆինանսական գրագիտությունը շարունակական բարձրացնելն է, այս նպատակով գործակցել հեռուստաընկերությունների հետ:
11. Ակտիվացել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտացման կրթական հաստատությունների վերակենդանացման և զարգացման գործում:
12. Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրարգրերն ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել դրանց ծավալները մեծացնելու համար:
13.Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր իրականացնել՝ զուգահեռաբար գործակցելով հնարավոր դոնոր ընկերությունների հետ:
14. Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել գործընթացին:
15. Պատրաստվել պտուղ-բանջարեղենի սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ, և նոր պոտենցիալ արտահանողների համար գործուն մեխանիզմներ ստեղծել: