Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները:
Արմեն Սարգսյանը հրավիրել է դեսպան Իշինգերին` 2019-ի հունիսին մասնակցելու առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող Armenian Summit of Minds գագաթնաժողովին, որն անցկացվում է Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սարգսյանը և դեսպան Իշինգերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների մասին։