ԻՊ գրոհայինների կողմից պայթեցված Հալեպի 40 նահատակների մայր տաճարում վերականգնումից հետո առաջին պատարագը կմատուցվի մարտ-ապրիլին:
«Իսլամական պետության» գրոհայինները հայկական եկեղեցին պայթեցրել էին 2015-ի ապրիլին՝ պայթուցիկ դնելով հիմքի տակ փորված ստորգետնյա թունելներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Աշխատանքների ծավալը հսկայական էր: Միջանցքն ամբողջությամբ ավերվել էր, հարկ եղավ այն նորից կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, դրանք հավաքել և նորից շարել: Դա ամենաբարդն էր: Շենքի գրեթե 70 տոկոսը ավերված էր»,- ասել է ինժեներ Գաբրիս Թամասյանը:
Եկեղեցու նոր դռներն ու պատուհաններն արդեն տեղադրվել են, նստարանները բերվում են: Ճակատային մասն ամբողջությամբ վերականգնվել է, հարդարման աշխատանքներն ավարտին են մոտենում:
Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար: