4 ապրիլի 2019 - 15:27 AMT
ԱԳՆ. ՄԽ-ն առաջարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում անցկացնել

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում անցկացնել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է։ Իսկ ամսաթիվը մենք միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով, և չենք խախտելու այդ սկզբունքը», - ասաց Նաղդալյանը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում, Ադրբեջան-Եվրոպա գործակցության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը համաձայնեցված է:

«Շատ շուտով նոր երկկողմ հանդիպում կունենանք: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի վերաբերյալ: Ավանդաբար այն կհայտարարվի Երևանում և Բաքվում»,- ասել էր նա: