ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրված բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել:
«Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, և գործն ուղարկվել է քննչական կոմիտե», - գրել է պատգամավորը:
Ավելի վաղ ակտիվիստ Վարդգես Գասպարին տուժել է մայիսի 13-ին մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ։ Գասպարին եկել էր դատարան պաստառով, ուր Քոչարյանի կողքին գրված էր «Մարտի 1» ու «Հոկտեմբերի 27» ու վանկարկել է «Քոչարյան՝ մարդասպան», ինչից հետո իր ու Քոչարյանի աջակիցների միջև լարում է եղել, ակտիվիստին քաշքծել են, խլել պաստառը, այնուհետև հարվածել, ինչի հետևանքով այտուցվել է աչքը:
Ցանցում տարածված տեսանյութերում երևում է, որ հարվածողը TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն էր:
Ավելի ուշ միջադեպով ոստիկանություն է բերման ենթարկվել հինգ անձ: