10 սեպտեմբերի 2008 - 20:32 AMT
ՆԱՏՕ-ի նավերը լքում են Սեւ ծովը
ՆԱՏՕ (SNMG1)-ի մշտական ծովային խումբն ավարտեց ծրագրված զննումը եւ լքում է Սեւ ծովը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում: SNMG1-ի զորաշարժերը սկսվել են օգոստոսի 21-ին եւ իրագործվել են ամենամյա ծրագրի շրջանակներում: Ադմիրալ Խուան Ռոդրիգես Գարատի հրամանատարության ներքո SNMG1-ը իրականացրել է նավահանգիստների համապատասխան զննում, ինչպես նաեւ Ալյանսի անդամ պետություններ Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ ծովային զինվորական ուսուցում է անցկացրել:

«Նման զորաշարժերը նպաստում են սեւծովյան ավազանի այն երկրների ռազմա-ծովային նավատորմի գործնականության բարձրացմանը, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են հանդիսանում, իսկ ծովային ուսուցումներն անցկացվում էին այդ մարտավարական գոտում ՆԱՏՕ-ի ծովային նավատորմի ռազմունակության ամրապնդման նպատակով»,- հայտնել է փոխադմիրալ Պիմ Բեդետը:

Ըստ Մոնտրեի համաձայնության` սեւծովյան ավազանին չպատկանող նավակազմերի զորաշարժերը պետք է իրականացվեն 21 օրվա ընթացքում: Սեւ ծովի ջրային տարածքից դուրս գալով` SNMG1-ն ուղեւորվել է Միջերկրական ծով: