30 մայիսի 2019 - 18:13 AMT
ԵԽ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ դատական բարեփոխումներին աջակցելու նպատակով

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը:

Վերջինի կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Քաղաքական խորհրդական, Քաղաքական հարցերով տնօրինության ներկայացուցիչ Մաքսիմ Լոնգանգը:

Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, արձանագրել, որ Հայաստանի դատական համակարգում սկսվել է արմատական բարեփոխումների գործընթաց, և Եվրոպայի խորհրդի աջակցությունն է հայտնել այդ գործընթացի իրականացմանը:

Նրա խոսքով՝ միայն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել դատական իշխանության նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը:

«Այստեղ ենք ձեզ աջակցելու համար: Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է լինելու, նույն կերպ և ձախողումը»,- ընդգծել է Քրիստոս Ջիակումոպուլոսը:

Նախարար Զեյնալյանը վստահեցրել է, որ դատական համակարգում իրականացվող բարեփոխումներն իրականացվելու են Հայաստանի Սահմանադրության ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան և ապահովելու են լայն ներառականություն:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունն ու սկսած գործընթացը հաջողելու պայմանավորվածություն են ձեռք բերել: