7 հունիսի 2019 - 12:35 AMT
ԵՄ-ն թույլատրել է վիզայի դիմել ուղևորությունից կես տարի առաջ

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման օրենսգրքում նախատեսված փոփոխություններին, որոնք ապրիլին հաստատել էր Եվրախորհրդարանը: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Խորհուրդն ընդունել է վիզաների օրենսդրության փոխոխությունները, որոնք կբարելավեն պայմաններն օրինական ճանապարհորդների համար, ինչպես նաև կընդլայնեն ապօրինի ներգաղթի հետ կապված խնդրների լուծման գործիքակազմը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ նոր կանոնների, այժմ կարելի է հայտը դեսպանատուն կամ վիզաների տրամադրման կենտրոն ներկայացնել ուղևորությունից 6, ոչ թե 3 ամիս շուտ, ինչպես նախկինում: Բացի այդ, հայտը հնարավոր կլինի լրացնել և ստորագրել էլեկտրոնային եղանակով, գրում է Esquire.ru-ն:

Այն զբոսաշրջիկները, որոնք դրական վիզային պատմություն ունեն, յուրաքանչյուր նոր վիզայի հետ կարող են ակնկալել, որ Շենգենյան գոտում մնալու տևողությունը կարող է ավելանալ՝ 1-5 տարի: Այժմ այդ գործընթացը վիճակահանության պես է աշխատում՝ նույնիսկ, եթե զբոսաշրջիկը դրական պատմություն ունի, երաշխիք չկա, որ նոր վիզան ավելի երկար ժամանակով կստանա: Շատ երկրներ ընդամենը կես տարով են մուտքի արտոնագիր տալիս, կամ ուղևորության ժամանակահատվածի համար միայն, անկախ վիզային պատմությունից:

Սակայն, հյուպատոսական գանձումը վիզայի համար կավելանա՝ €60-ի փոխարեն դառնալով €80: Այն երկրների համար, որոնց հետ գործում է վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը, գանձումը €30-ի փոխարեն կկազմի €40 (Հայաստանի պարագայում այն€35 է):

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից կես տարի անց: