Վրաստանում ՀՀ դեսպանատունը ճշտում է, թե հունիսի 21-ի գիշերը երկրի մայրաքաղաք Թբիլիսիում ոստիկանների և ցուցարարների միջև եղած բախումների հետևանքով տուժածների կամ բերման ենթարկվածների թվում կան արդյոք ՀՀ քաղաքացիներ: Այս մասին դեսպանատնից հայտնեցին PanARMENIAN.Net -ին:
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաներում տուժել է ավելի քան 50 մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ են: Կան նաև մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը գրել են՝ բախումների հետևանքով վիրավորվել է 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ: Օպերատոներից մեկն աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրում:
Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:
Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: