24 սեպտեմբերի 2008 - 19:16 AMT
Արեւմուտքը փորձում է Ասիա ներթափանցել Հարավային Կովկասով` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը
Կովկասի վերջին իրադարձությունների պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդ դառնալու Թուրքիայի եւ Իրանի վերջին նախաձեռնությունները միանգամայն բացատրելի են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ միայն ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ` տարածաշրջանային եւ անգամ գլոբալ խնդիր է:
«Տարածաշրջանում ֆունդամենտալ տեղաշարժերը խոսում են այն մասին, որ շատ երկրներ շահագրգռված են լինելու միջնորդության մեջ: Դա կապված է Հարավային Կովկասի մարտավարական կարեւորության հետ, որովհետեւ հենց Հարավային Կովկասով Արեւմուտքը կարող է Ասիա ներթափանցել` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը: Ներկայումս արդեն պարզ է, որ Վրաստանը առավելագույն ջանքերը կգործադրի ՆԱՏՕ մտնելու եւ Արեւմուտքի մի մասը դառնալու համար: Բայց մի Վրաստանով չեն բավարարվի. անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանը, որը մարտավարական առումով կարեւոր է Եվրոպայի համար: Հավասարակշռությունը տարածաշրջանում դեռեւս պահպանվումէ ԼՂՀ-ի շնորհիվ, եւ այն բանից, թե ինչպես կլուծվի այդ հակամարտությունը, կախված է Հարավային Կովկասի ապագան»,- ասել է Բաբայանը: