26 հուլիսի 2019 - 15:47 AMT
ԱՆ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ կարծիքի համար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար: Այս մասին հայտնում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքը:

«ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների առնչությամբ կարծիք ստանալու համար»,-նշված է հանձնաժողովի կայքում:

Նախարար Բադասյանն էլ պարզաբանել է, որ կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ:

«Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի», - ասել է նախարարը: