9 հոկտեմբերի 2008 - 15:24 AMT
Աբդուլլահ Գյուլը Մոսկվայում կքննարկի Կովկասյան պլատֆորմի ստեղծման հարցը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ռուս-թուրքական հարաբերությունների խանդիրները կքննարկի 2008թ. դեկտեմբերին Մոսկվա կատարելիք իր այցի ժամանակ: Այս մասին է հաղորդել ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հալիլ Ակընջին: «Դեկտեմբերին ակնկալվում է մեր նախագահի այցը: Կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը, տարածաշրջանային խնդիրներն ու իրավիճակն աշխարհում: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւս կլինի ուշադրության կենտրոնում»,-ասել է Ակընջին: Նա չի բացառել, որ Թուրքիայի նախագահի այցի ժամանակ կարծարծվի նաեւ Կովկասում անվտանգության պլատֆորմի թուրքական նախաձեռնության իրագործման հարցը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

«Այժմ Կովկասում խաղաղություն հաստատել ցանկացողներն այնքան շատ են, որ իրար հերթ չեն տալիս, սակայն թուրքական նախաձեռնությունն մի առանձնահատկություն ունի` այն ներառում է միայն տարածաշրջանի ԵԱՀԿ անդամ հանդիսացող երկրները` Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը»,-նշել է դեսպանը` հավելելով, որ Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ ջանքերը կարող են նպաստել այդ նախաձեռնության առաջխաղացմանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը օգոստոսին առաջարկեց աշխարհագրական սկզբունքով ստեղծել տարածաշրջանում Կայունության եւ անվտանգության պլատֆորմ, որը պետք է հիմնվի ԵԱՀԿ սկզբունքների վրա եւ նախատեսում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությունը: