ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ստացել է պատասխան: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է հենց փաստաբանը:
«Մեկ ամիս չանցավ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասվում է՝ վստահ եղեք, Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Քոչարյանի դատավարությանը», - ասել է փաստաբանը։
Թորոսյանի խոսքով՝ դատավորներն աղոթում են, որ Քոչարյանի գործով չզբաղվեն, քանի որ քաջություն է պետք ասելու համար, թե կալանավորումն արդար չէ: Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը «մեկ անձի կամքին է կապվել»:
«Այդ անձնավորությունը քաղաքական անձնավորություն է, նա դատավոր չէ, վարչապետն է։ Վարչապետի կամքին է կապված ամբողջ դատավարությունը», - ասել է նա՝ նշելով, որ բոլոր դատավորների աչքի առաջ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակն է։
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մարտի 1-ի գործով, նա մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: