Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեբատներ կանցկացվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը ենթադրող օրինագծի շուրջ: Քննարկումները 6 ժամից ավելի չեն տևի: Նման որոշում է կայացրել Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն 9 ժամ քննարկելուց հետո:
Թրամփին մեղադրում են 2՝ իշխանությունը չարաշահելու և օրենսդիրների աշխատանքին խոչընդոտելու հոդվածներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Եթե դեմոկրատների հսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատը քվեարկի Թրամփի իմպիչմենտի օգտին, հարցը կքննարկվի Սենատում: Թրամփին դատապարտելու և իշխանությունից հեռացնելու համար կպահանջվի սենատորների քվեների երկու երրորդից ավելին, սակայն այժմ հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ քվեարկել Թրամփի դեմ:
Թրամփը հրաժարվել է գործակցել Ներկայացուցիչների պալատի հետաքննության հետ, որը վարում են դեմոկրատները, սակայն, հույս է հայտնել, որ Սենատում գործընթացն ազնիվ կլինի:
Դեմոկրատները իմպիչմենտի գործընթաց են սկսել Թրամփի դեմ՝ կասկածներ հայտնելով, որ նա Ուկրաինային ռազմական օգնության դիմաց աջակցություն է պահանջել իր քաղաքական ընդդիմախոս Ջո Բայդենի և նրա որդու դեմ հետաքննության գործում: Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանություններից միայն կոռուպցիայի դեմ պայքար է պահանջել:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատմության մեջ միայն 2 անգամ է իմպիչմենտ հայտարարվել՝ 1868-ին Էնդրյու Ջոնսոնին և 1998-ին Բիլ Քլինթոնին: Սենատը երկուսին էլ արդարացրել է: Թրամփն ԱՄՆ 45-րդ նախագահն է և մտադիր է 2020-ին վերընտրվել: