Ալավերդու պղնձաձուլարանը չինացի ներդրողների կողմից գործարկելու բանակցությունները շարունակվում են, ձևավորվում է աշխատանքային խումբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Չինական կողմի հետ այս պահին ընթանում են աշխատանքային քննարկումներ՝ գործընթացի իրականացման ձևաչափի, դրա տեխնիկատնտեսական իրագործելիության շրջանակի հստակեցման վերաբերյալ»,- ասաց Հունանյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքային կազմով ընդլայնված քննարկում անցկացնել:
Նրա խոսքով՝ նախագծի իրականացման նպատակով ձևավորվում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են պետկառույցներ, նաև հանքարդյունահանող օպերատորների մասնակցություն է նախատեսվում:
2019-ի նոյեմբերին փոխվարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար կառավարությունը բանակցում է տարբեր պոտենցիալ ներդրողների հետ, իսկ առկա ձուլարանն արդյունավետ չէ և չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին:
Նախորդ տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ չինական ընկերությունն ուշադիր հետևում է, թե Հայաստանում ինչ է կատարվում մյուս ներդրողների հետ և դեռ պետք է որոշեն՝ գալիս են Հայաստան, թե` ոչ։ Չինական կողմի հետ բանակցությունները, փաստորեն, ընթացքի մեջ են արդեն 5 ամիս:
2019–ի փետրվարին Ավինյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներին և ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթ է:
2018-ին Ալավերդու պղնձաձուլարանը դադարեցրել էր իր գործունեությունը, ինչի հետևանքով մոտ 630 հոգի գործազուրկ էր դարձել: Սնանկության եզրին հասած «Վալլեքս» ընկերությունը ձուլարանը վարկային պարտավորությունների դիմաց ռուսական ՎՏԲ բանկում էր գրավադրել: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՎՏԲ-ն ցանկանում է կառավարությանը նվիրել Ալավերդու պղնձաձուլարանը: Նոյեմբերին սակայն, «Իրատես» թերթն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, թե բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի ազգականին: