ԱՄՆ զինվորականներն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության օրը փորձել են վերացնել այդ երկրի ևս մեկ հրամանատարի՝ Եմենում։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ ԱՄՆ մի շարք պաշտոնյաներին հղումով, որոնց անունները չեն հրապարակվում։
Հարցին կրազեկ ԱՄՆ 4 պաշտոնյայի խոսքով` Եմենում գործող իրանական էլիտային «Ալ Կուդս» ուժերի առանցքային հրամանատար և ֆինանսական հարցերի մասնագետ Աբդուլլահ Ռեզա Շահլաիին ուղղված հարվածը նրա մահվան չի հանգեցրել, մեջբերում է Ինտերֆաքսը։
Ըստ աղբյուրի` այդ գործողությունը գաղտնի է պահվում, սակայն, ինչպես խոստովանել է թերթի սեփականատերերից մեկը, հաջողության դեպքում գործողության մասին կհայտնեին «նույն գիշերը»։
Ասվում է նաև, որ ԱՄՆ զինվորականներն ապագայում կարող են նոր փորձ ձեռնարկել Շահլաիի դեմ։ ԱՄՆ վարչակազմը նրան մեղսակից է համարում ամերիկացիների և դաշնակիցների դեմ մի շարք գրոհների համար, այդ թվում 2007-ին` Իրաքում։
Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը վրեժ էր խոստացել ԱՄՆ-ին։
Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել էր, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թահթ Ռավանչին հայտարարել էր, որ Իրանն ավարտել է վրեժը Սոլեյմանիի սպանության համար և ռազմական նոր գործողություններ չի ձեռնարկի, եթե ԱՄՆ-ն ագրեսիա չցուցաբերի: