17 հունվարի 2020 - 19:02 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ազգային անվտանգության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

Սարգսյանը նշել է, որ նախկինում պետության մեջ Կուտոյանի զբաղեցրած դիրքը հաշվի առնելով՝ քննության ընթացքը պետք է լինի հասարակության ուշադրության և հսկողության ներքո:

«Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային»,- ասվում է Սարգսյանի ցավակցական ուղերձում:

Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: