Հանրային հեռուստաընկերության «Լուրերով» հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութում խախտվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը, հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
«Լուրերի» ռեպորտաժում ներկայացվէլ էին Թովմասյանին առաջադրված 2 մեղադրանքի մանրամասները: ՍԴ նախագահի փաստաբանական թիմն այն անվանել էր քրգործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի «ցինիկ խախտման ցայտուն օրինակ»։
Ըստ հանձնաժողովի՝ առաջին հերթին, այդ սկզբունքը խախտել է Հատուկ քննչական ծառայությունը:
«Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը չի կարգավորվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով և չի նախատեսում տուգանքի կամ այլ պատժի կիրառում»,- ասվում է ՀՌՀ հայտարարության մեջ:
Ըստ ՀՌՀ-ի՝ օրենսդրական նմանատիպ բացերը նվազեցնում են Հանձնաժողովի կարգավորման հնարավորությունները և սահմանափակում ՀՀ քաղաքացիների իրավունքը` ստանալու օբյեկտիվ, անկողմնակալ, ատելության խոսքից և մանիպուլյացիաներից զուրկ տեղեկատվություն:
«Հանձնաժողովը տարակուսանք է հայտնել, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հրաժարվել է իր պարզաբանումները ներկայացնել հանրությանը վերը նշված տեսանյութի կապակցությամբ՝ նշելով, որ հանրային հնչեղություն ունեցող դեպքերի վերաբերյալ խորհուրդը պարտավոր է արձագանքել:
2019-ի դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: