14 փետրվարի 2020 - 10:38 AMT
Փաշինյան. Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա

Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ ասուլիսի ժամանակ:

Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայում է: Նա արդեն հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փաշինյանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Մերկելի հետ արդեն երրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ և Գերմանիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

«Առանձնակի ցանկանում են շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է ՀՀ-ում բարեփոխումներին: Մենք երախտապարտ ենք Գերմանիային և ԵՄ-ին բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Գերմանիան ՀՀ-ի համար կարևոր և հաջողված մոդել է՝ որպես խորհրդարանական կառավարման երկիր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ՀՀ-ում մեծ փոփոխություններ են ակնկալվում նաև իրավական համակարգում: Մերկելի խոսքով արդեն 2020-ի աշնանը Բեռլինում կբացի նաև Թումո կենտրոն:

Նա նշել է, որ վարչապետի հետ հանդիպմանը քննարկման թեմաներից մեկն էլ լինելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առաջընթացի գրանցումը:

Մերկելի հետ համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ Փաշինյանը նշել է, որ փետրվարի վերջին գերմանացի գործարարների այց է նախապատրաստվում ՀՀ, իսկ հոկտեմբերին՝ տնտեսական ֆորում: