Մյունխենի Անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմության մեջ առաջին անգամ բաց քննարկում կունենան Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ:
Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումը կայացել է 2019-ի մարտին՝ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Համանախագահներն այն համարել էին «երկար, հագեցած և հետաքրքիր խոսակցություն»:
Քննարկումը տևելու է մոտ 45 րոպե և սկսվելու է Երևանի ժամանակով 20:30-ին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն վարելու է Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:
Փաշինյանը Գերմանիայում է՝ մասնակցելու Մյունխենի Անվտանգության համաժողովին: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում, անդրադառնալով իր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը Երևանը կընկալի որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Նա ասել է նաև, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։