Մարտի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում տևական բանակցությունների արդյունքում պայմանավորվել են դադարեցնել կրակն Իդլիբում և համաձայնեցրել Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հուշագիրը:
Նրանք համակարծիք էին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, գրում է «Կոմերսանտը»:
Կողմերը պայմանավորվել են մարտի 6-ից՝ 00:00-ից, հրադադար հաստատել Իդլիբում: Նաև կստեղծվի անվտանգության գոտի՝ Սիրիայի Մ4 մայրուղուց դեպի հյուսիս և հարավ 6 կմ շառավիղով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 15-ից մեկնարկել ռուս-թուրքական համատեղ պարեկությունը Մ4 մայրուղու երկայնքով:
Կողմերը հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և մտադրություն հայտնել շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ: Թուրքիան իրեն իրավունք է վերապահել պատասխանելու Սիրիայի կառավարական ուժերի գործողություններին:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը hայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զինուժի նոր ռազմական գործողության՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին: Հայտարարությունը հաջորդել է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներին՝ Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող:
Աքարը շեշտել էր, որ այս ռազմական գործողությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: