15 մարտի 2020 - 13:04 AMT
Հարությունյան. Արոնյանի կնոջ վիճակը հաջողվել է կայունացնել

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոլիի վիճակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ: Նրա խոսքով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր»,- ասվում է գրառման մեջ։

Մարտի լույս 15-ի գիշերը Կաոլին վթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում։

Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Կաոլիի Lexus RX350 մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել նրան ու հոսպիտալացրել «Աստղիկ» ԲԿ: