19 մարտի 2020 - 18:53 AMT
«Գթության խոհանոցի» շահառուները 20 օրվա սննդամթերքի փաթեթներ կստանան

Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել 20 օրվա համար նախատեսված սննդամթերքի փաթեթներ, որոնք մարտի 23-ից աշխատակիցների և կամավորների օգնությամբ՝ կբաշխվեն շահառուներին:

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ գործակցությամբ:

«Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994-ից, որի շրջանակում ամեն տարի՝ հոկտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում, միայնակ թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և սոցիալապես անապահով անձիք օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Ծրագրի շահառուներն են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջանների մոտ 500 սոցիալապես խիստ անապահով բնակիչներ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից