23 մարտի 2020 - 10:05 AMT
Մթերայիններին կոչ է արվելու ժամեր սահմանել տարեցների համար. Այլոք այդ ժամերին առևտուր չեն անի

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մթերայիններին կոչ է արվելու հատուկ ժամ սահմանել տարեցների համար։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հավելելով, որ տարեցները կորոնավիրուսի ամենախոցելի խումբն են համարվում։

Նա նշել է, որ, հավանաբար, դա կլինի առավոտյան ժամը 10-12-ը։ Պարետը մյուս քաղաքացիներին կոչ է արել այդ ժամերին չգնալ մթերային խանութներ։ Նա խորհուրդ է տվել նաև տարեց բարեկամների հետ այս ժամանակահատվածում ավելի շատ առցանց շփվել՝ սկայպով։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Մարտի 22-ի երեկոյի տվյալներով ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 194 դեպք կա, որից 2-ն ապաքինվել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: