Արտակարգ դրության շրջանակում ԶԼՄ-ների հանդեպ գործող սահմանափակումներն առաջիկայում կարող են չեղարկվել։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգան Ավինյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե անվստահություն կա պարետատան հայտնած տեղեկատվության նկատմամբ։
Նա նշել է, որ արտակարգ դրության պայմաններում ցանկացած ապատեղեկատվություն կարող է շատ վտանգավոր լինել և խուճապային տրամադրություններ ստեղծել։
Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները որոշակի դժգոհություններ են առաջացրել. լրատվամիջոցները դրանք համարում են ոչ արդյունավետ։ Սահմանափակումները հանելու կոչեր են արվում։
Ավինյանը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ԶԼՄ-ների խմբագիրների հետ, որտեղ քննարկվել է այդ հարցը և, հնարավոր է՝ կարճ ժամանակ անց դրանք հանվեն։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Մթերայիններին կոչ է արվելու ժամեր սահմանել տարեցների համար. Այլոք այդ ժամերին առևտուր չեն անի