Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90-ի։ Այդ մասին տեղեկացրել է StopCov կայքը։
Ապաքինվել է 18 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, գրում է Apsny.ge-ն։
Կարանտինում 4695 մարդ կա, իսկ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ՝ 231։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։
Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։