Վրաստանը մտադիր է զբոսաշրջիկների համար բացվող առաջին երկիրը դառնալ և ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան զբոսաշրջյաին ոլորտի օպերատորների հետ հանդիպմանը։
Նա հավելել է, որ դա հնարավոր կլինի միայն հսկողության խիստ պայմանների պահպանման դեպքում, գրում է «Sputnik Գրուզիան»։
Վրաստանի զբոսաշրջության ոլորտն ամենից շատն է տուժել պանդեմիայից։ Արդեն մարտին եկամուտները նվազել են 70%-ով՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
«Մենք ակտիվ աշխատում ենք Զբոսաշրջության միջազգային կազմակերպության հետ, որպեսզի շատ խիստ սահմանափակումների պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան անվտանգ լինի և առաջիններից մեկը բացվի օտարերկրյա զբոսաշրջիկների համար։
Անկասկած, դա հնարավոր կլինի միայն հսկողության անհրաժեշտ պայմաններին հետևելու դեպքում»,- ասել է Տուրնավան։
Նա հավելել է, որ Վրաստանի իշխանությունները ճգնաժամի առաջին իսկ օրվանից օժանդակում են ոլորտին։
Վրաստանում կորոնավիրուսով վարակի 566 դեպք է գրանցվել, 184 մարդ ապաքինվել է, 6 մարդ մահացել է։