Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում նախագծել է մոտ 10 կմ երկարությամբ ճեմուղի, Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Այն կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը:
«Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը, և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»,- ասվում է գրառման մեջ։
Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման մասին հայտարարվել էր դեռ 2018-ի մարտին։ Նախատեսվում էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիներն առանձնացնել հատուկ նշաններով, ցուցանակներ տեղադրել, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգիստ կազմակերպել, կառուցել ու հիմնանորոգել դեպի հուշարձաններ տանող ճանապարհները: