Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ն ճնշել են ՀՀ կառավարությանը ոսկու հանքարդյունաբերության վիճահարույց ծրագրի հարցում, նշվում է Եվրամիության զեկույցներից մեկում, փոխանցում է Opendemocracy.net-ը:
Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ամուլսարի ոսկու նախագծի հետագա զարգացումների հետ կապված հսկայական ճնշումների է ենթարկվել», այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից:
Նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքարդյունահանման հարցը հայաստանյան քաղաքական առաջնագծում է հայտնվել 2018-ին, երբ թավշյա հեղափոխության արդյունքում տեղի բնակիչները և բնապահպան ակտիվիստները սկսեցին $400 մլն արժողությամբ անավարտ հանքարդյունաբերական նախագծի տարածքի շրջափակումը, ինչը բրիտանա-ամերիկյան «Լիդիան Ինթերնեշնլ» հանքարդյունաբերական ընկերության, ընկերության միջազգային աջակիցների և ՀՀ կառավարության միջև խնդիրների պատճառ դարձավ։
Մոտ 2 տարվա շրջափակման արդյունքում «Լիդիանին» չի հաջողվել մուտք գործել Ամուլսարի տարածք և ավարտին հասցնել հանքարդյունաբերական նախագիծը։ Ընկերությունը հանքի արգելափակումն ապօրինի է որակել և Հայաստանի կառավարությանը մեղադրել «անգործության» մեջ։
2019-ի մարտին ընկերությունը Հայաստանին տեղեկացրել է բրիտանական և կանադական երկկողմ ներդրումային պայմանագրերի համաձայն միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորության մասին:
«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հուսով են, որ «Լիդիանը» խտրականության չի ենթարկվի և նմանատիպ մոտեցում կկիրառվի Հայաստանում գործող այլ հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ևս», – ասվում է ԵՄ ներքին զեկույցում։
Ամուլսարի հանքի շուրջ տարիներ տևող բանավեճերում բնապահպանները համոզված են, որ դրա շահագործումը կարող է էկոլոգիական աղետ լինել ՀՀ-ի և մասնավորապես հանքի տարածքում գտնվող բնակավայրերի համար։ Հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաները պարբերաբար ակտիվանում են։ Այդպես եղավ 2018-ի հուլիսին, 2019-ի սեպտեմբերին, երբ ակիվիստները շրջափակել էին Ամուլսար տանող ճանապարհը։ Ներկայումս հանքը շարունակում է մնալ չշահագործված։