12 մայիսի 2020 - 19:48 AMT
ՃՈ-ն ծածուկ ծառայություն կիրականացնի՝ առանց տարբերանշանի մեքենաներով

Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, հայտնում են Ոստիկանությունից։

Ծածուկ ծառայությունը կարգավորվում է Կառավարության համապատասխան որոշմամբ և ենթադրում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմեքենաներով։

Մեքենաներով ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները խախտում կատարած վարորդից, ըստ օրենքի՝ բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։