Արցախի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, հայտարարել է, որ ականանետից կրակ բացելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։
Հունիսի 17-ին ադրբեջանական Ordu.az-ը հաղորդագրություն էր տարածել, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին։ ՊԲ-ն միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը: