«Ռոսպոտրեբնադզորը» կրծողների դեմ միջոցներ է ձեռնարկում ՌԴ Բուրյաթիայի հանրապետության Մոնղոլիային սահմանակից շրջաններում՝ Մոնղոլիայում այտուցային ժանտախտի դեպքերի պատճառով։
Մանր մկնակերպ կրծողների որսը նախատեսված է Մոնղոլիայից այտուցային ժանտախտի ներթափանցումը կանխելու գործողությունների օպերատիվ պլանով։ Այդ մասին ասել են սանիտարական գերատեսչությունում, գրում է «Վեդոմոստին»։
Ավելի վաղ Բուրյաթիայում անցկացված ժանտախտի հարուցիչի հակագենի առկայության հետազոտությունները բացասական արդյունք են ցույց տվել։
Մոնղոլիայում ժանտախտի ակտիվ բնական օջախներ կան, իսկ ՌԴ-ին սահմանակից շրջաններում գրանցվում են այդ հիվանդության եզակի դեպքեր, որոնք կապված են, որպես կանոն, սննդի մեջ արջամկան հում մսի և ներքին օրգանների օգտագործման հետ։
Նշվել է, որ Մոնղոլիայից և Չինաստանից ՌԴ ժանտախտի ներթափանցման հավանականությունը փոքր է, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանները փակ են։ Սակայն, կա Տուվայից, Ալթայից և Անդրբայկալյան երկրամասից վարակի տարածման վտանգ, որտեղ ևս կան ժանտախտի բնական ակտիվ օջախներ։
Հուլիսի 6-ին չինական ԶԼՄ-ները հայտնել են Մոնղոլիայի արևմուտքում 15-ամյա դեռահասի մոտ ժանտախտի ախտորոշման մասին։ Նա արջամկան միս էր կերել։ Ավելի վաղ 2 դեպք էր գրանցվել Մոնղոլիայի արևմուտքում և մեկ դեպք՝ չինական Ներքին Մոնղոլիայում։