Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ կմնա։ Օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է որոշում, ըստ որի՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը համարվում է հիմնավորված, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ դատարանը մերժել է։
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։
Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է մոտ 20 մլրդ դրամ: