3 հոկտեմբերի 2020 - 18:52 AMT
Փայլան․ Թուրքիայի իշխանությունները պատերազմի բացահայտ քարոզ են անում

Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է, հայտնել է թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ խաղաղության կոչ անելով, գրում է «Արմենպրեսսը»։

«Հակառակ ամբողջ աշխարհի հակամարտության դադարեցման ու հրադադարի կոչերի՝ ԱՔՓ-ՄՀՓ դաշինքը (Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցություն և ազգայնամոլ Ազգայնական շարժում կուսակցություն) բացահայտորեն ռազմատենչ պահվածք է որդեգրել՝ մեր երկրի հարևաններ հանդիսացող Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածության նկատմամբ։ Իշխանությունը բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում՝ իր ռազմատենչ ընթացքով, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական հայտարարություններով և նեցուկ լինելով պատերազմին՝ փոխանակ երկրներին հրադադարի ու բանակցության կոչ ուղղելու»,-նշել է Փայլանը:

Նա շեշտել է, որ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հանցանք են գործում՝ իրականացնելով պատերազմի քարոզչություն։ Փայլանը նշել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու դրա ներկայացուցիչները մշտապես պաշտպանել են խաղաղությունը:

«Նրանք, որոնք պատերազմի կոչ են հնչեցնում, կփորձեն լռեցնել խաղաղության ձայն բարձրացնել փորձողներին։ Ինչ, որ անենք ես ու ընկերներս, պիտի շարունակենք «խաղաղություն» գոչել։ Որովհետև պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող»,-ասել է նա՝ հավելելով, որ ինքը չի նահանջելու ստանձնել պատասխանատվություն՝ պատերազմները կանխելու համար։

Ադրբեջանն Արցախի վրա հարձակվել է Թուրքիայի անմիջական օժանդակությամբ․ այս մասին պատերազմի սկզբում հայտարարել էր նաև Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Թուրքիայի միջմտության մասին խոսել են նաև միջազգային մամուլում, այդ մասին հայտնել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։