5 հոկտեմբերի 2020 - 22:48 AMT
Լավրով․ ՌԴ-ն պատրաստ է անցկացնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ մասնակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ իր երկիրը պատրաստակամ է Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Հոկտեմբերի 5-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Ռուսական կողմն ընդգծել է շոտափույտ հրադադարի անհրաժեշտությունը:

ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի նպաստել բանակցային գործընթացի վերսկսմանը՝ հիմնվելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։