6 հոկտեմբերի 2020 - 15:46 AMT
Ֆրանսիական քաղաքները 65,000 եվրո են հատկացրել տուժած արցախցիների կարիքներին

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը 55,000 եվրո է հատկացրել Արցախում տուժած ընտանիքներին 13 տոննա դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է երկրամասի խորհրդի նախագահ Լորան Վոքյեն:

«Ես խոստացել եմ, որ երբեք չեմ հրաժարվի Հայաստանից և Արցախից»,-գրել է նա։

Վալանսն իր հերթին 10,000 եվրո է հատկացրել տուժած արցախցիների համար դեղորայք և բուժպարագաներ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների (հագուստ, կոշիկ, մանկական սնունդ և այլն) գնելու համար, որոնք տուժածներին կհասցվեն Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի միջոցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):