Կորոնավիրուսի տարածման պատճառով արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումն ԱՆ ընդունարանում, փակվում է նաև Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը:
ՔԿԱԳ գործակալությունն ընդունելու է բացառապես էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների և վկայականների կրկնօրինակների դիմումները:
ԱՆ-ից նշում են, որ ընդունարանների աշխատանքների բացման վերաբերյալ տեղեկությունները կարելի է ստանալ 85-00 հեռախոսահամարով, իսկ ՔԿԱԳ բոլոր գրանցումները հնարավոր է կատարել ՔԿԱԳ տարածքային մարմիններում:
Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 59,995-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1046 դեպք կա, այլ պատճառով՝ 311։ Առողջացածների ընդհանուր թիվը 47,119 է, փաստացի բուժվողներինը՝ 11,519։