Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր»,- ասվում է գրառման մեջ։
Թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։
Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում։
Հոկտեմբերի 26-ի առավոտյան, չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը, ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։