5 նոյեմբերի 2020 - 17:23 AMT
Հետմահու Արիության մեդալ՝ Արցախի ոստիկանության 10 ծառայողի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել է ԱՀ ոստիկանության 10 ծառայող:

Զինծառայողները պարգևատրվել են սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար:

Նշվում է, որ պարգևներ են շնորհվել Գագիկ Պետրոսյանին, Գարիկ Դոլուխանյանին, Արսեն Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Գևորգ Կիրակոսյանին, Բենիկ Համբարձումյանին, Հրայր Դանիելյանին, Արեն Ասրյանին, Շիրակ Համբարձումյանին, Իգոր Պողոսյանին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։