6 նոյեմբերի 2020 - 11:05 AMT
ՊԲ. Գիշերը Շուշիի և այլ ուղղություններով բազմակի գրոհները կասեցվել են

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը կասեցվել են: Ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը` նշելով, որ պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամուն զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:

Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:

Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Կան տուժած քաղաքացիականներ։

Հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Հայկական ստորաբաժանումները քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:

Ավելի վաղ հայատարարվել էր, որ գիշերային հրթիռակոծությունից 3 խաղաղ բնակիչ է զոհվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։