Beringer AERO ընկերությունը հայտարարել է թուրքական անօդաչու թռչող սարքերին մատակարարումները դադարեցնելու մասին, փոխանցում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ դեպի Թուրքիա մատակարարումները դադարեցվել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ ԱԹՍ-ները, որոնք կառուցված են նաև Beringer AERO-ի դետալներով, օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում։
«Ընկերությունը ցանկանում է հավատարիմ մնալ իր էթիկական քաղաքականությանը։ Beringer AERO-ն երբեք թույլ չի տվել, որ իր արտադրանքներն օգտագործվեն սարքերում, որոնք կարող են մարդ սպանել»,-նշվում է հայտարարության մեջ։
Beringer-ի արտադրանքները նախագծվում ու արտադրվում են Ֆրանսիայում՝ ավիացիոն ընդհանուր նպատակներով։ Ընկերության արտադրանքներն աշխարհում տարբեր ուղղություններով են վաճառվում, դրանք ստանդարտ են ու նախատեսված նաև ԱԹՍ-ների համար։
Հոկտեմբերի 5-ին ամերիկյան Trimble Navigation ընկերությունը, որը թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի համար GPS-ներ է արտադրում, ևս հայտարարել էր մատակարարումները դադարեցնելու մասին։ Ամերիկյան մեկ այլ՝ Garmin ընկերությունը հայտնել էր, որ հետաքննում է, թե ինչպես են իրենց արտադրած սարքավորումներն օգտագործվել թուրքական Bayraktar ԱԹՍ-ների արտադրության մեջ, ինչից հետո կձեռնարկեն համապատասխան քայլեր:
Ավելի վաղ ԱԹՍ-ների՝ ԼՂ-ում խաղաղ բնակչության դեմ օգտագործվելու պատճառով Կանադայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ իրենք ժամանակավորապես դադարեցրել են կանադական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։
Ավստրիան ևս կասեցրել է ԱԹՍ-ի բաղադրիչների մեջ մտնող տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։