Նորաշեն համայնքի ավագանին որոշել է միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անցնցում հեռացման պահանջին։
Նշվում է, որ ավագանին մեծ ուշադրությամբ հետևել է հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, «տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասարակության նկատմամբ վարած մանիպուլացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից և հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկն ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, իր անհամաձայնությունն է հայտնում վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին»։
«Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝ միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին և անվերապահորեն պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից»,- ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։