ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով հարցին, թե ինչու համառորեն հրաժարական չի տալիս, ասել է, որ իր կարծիքով՝ իր և կառավարության ամենամեծ անելիքը Հայաստանի ժողովորդի իշխանությունը վտանգել թույլ չտալն է։
Նրա խոսքով՝ ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը։
«Եվ մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու հնարավորություն ունենա, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցրած խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի հետ»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ մեծագույն խնդիրն այն է, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո կամ որևէ սոուսի մեջ վտանգի չենթարկվի։
«Եվ այսօրվա իմ և մեր կառավարության ամենամեծ անելիքը համարում եմ դա»,- նշել է վարչապետը։
Պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են։ Հրաժարականի պահանջին են միացել նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները։
«Բոլոր գործընթացներում կարևորն այն է, որ դրանցում, անկախ ամեն ինչից, ՀՀ ժողովուրդը որևէ կերպ և որևէ պատճառով չկորցնի ՀՀ-ում իշխանություն ձևավորելու ազատ քաղաքական արտահայտման իր իրավունքը։ Էլի ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում լրատվամիջոցները չեն, որ որոշում են, թե ով է ՀՀ վարչապետը և չպիտի այդպես լինի. ժողովուրդն է որոշում, թե ով է վարչապետը, և պիտի շարունակի այդպես լինել»,- ասել է վարչապետը։