30 դեկտեմբերի 2020 - 11:39 AMT
Հայտարարություն․ Հարությունյանը խախտել է Բալասանյանի և ՀՅ-ի հետ պայմանավորվածությունները

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունն ու Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն են տարածել` նշելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խախտել է իրենց հետ պայմանավորվածությունները։

Նրանք նշել են, որ կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ է կրում։

Ըստ այդ հայտարարության՝ Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ` «ստեղծված իրավիճակից ելք գտնելու և քաղաքական լուծումներ տալու նպատակով»։

«Խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով», - նշել են նրանք։

Սակայն հետագա քննարկումների ընթացքում, ըստ կուսակցությունների, Հարությունյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և սկսել միանձնյա ձևավորել նոր կառավարություն։

«Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման տեսլականը», - տեղեկացնում են «Արդարություն» կուսակցությունն ու ՀՅԴ-ն։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել էր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանին և ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանին։ Վերջինիս նա իր խորհրդական է նշանակել։ Արցախի կառավարության կազմում ևս մի շարք փոփոխություններ են եղել։