Հայաստանի դպրոցներում ավելի քան 7000 արցախցի երեխա է սովորում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է, որ բացի համավարակի պայմաններում կրթության կազմակերպման խնդիրներից, պատերազմի պատճառով որպես առաջնահերթություն առաջացել է Արցախի երեխաների համար կրթության շարունակականության ապահովման հարցը, գրում է Factor.am-ը։
Հունվարի 25-ին նշվում է Կրթության միջազգային օրը:
Անդրեասյանի խոսքով՝ ոլորտի բարեփոխումներին են ուղղված «Կրթության մասին օրենքում» կատարված լրացումներն ու փոփոխությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է երկու կարևոր կետ՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը, որն ընդգրկում է կրթության բոլոր մակարդակները՝ մանկապարտեզից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ:
Ըստ փոխնախարարի՝ համակարգը հնարավորություն կտա ճշգրիտ հաշվառել և բացահայտել ուսումնական պրոցեսում չընդգրկված կամ դասերից հաճախ բացակայող երեխաներին, հավասար պայմաններ ստեղծել սովորողների համար: Համակարգի ներդրմամբ հնարավորություն կստեղծվի փաստաթղթերի թվայնացման համար՝ թղթե ատեստատները կփոխարինվեն թվայիններով:
Անդրեասյանի խոսքով՝ կրթության ոլորտի կայացման երկրորդ և կարևոր պայմանը ֆինանսավորման կարգն է: Ըստ օրենքում կատարված փոփոխության՝ նախկինում սահմանված՝ մեկ սովորողի թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկզբունքով:
Հունվարի 20-ին Երևանում Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ մինչև այժմ Արցախ է վերադարձել 95,000 մարդ։