15 փետրվարի 2021 - 18:12 AMT
Շուշիի թանգարանի գորգերը կցուցադրվեն Երևանում․ Ամենահինը 350 տարեկան է

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փետրվարի 20-ից կներկայացվի Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը:

Բացումը ժամը 15։00-ին է։

Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են, և Շուշիից հանվել են 2020թ․ նոյեմբերի 1-ին։ Ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։

Ցուցադրության համադրողն է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Շուշիի գորգերի թանգարանն արցախյան հնագույն գորգերի և կարպետների թանգարան էր (բնական բրդից պատրաստված գորգեր), որը հիմնադրվել էր 2011, բացվել՝ 2013-ին: Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը, ով աշխարհի տարբեր երկրներից` Ավստրիայից, Շվեյցարիայից, Ստամբուլից, Գերմանիայից գտել և գնել էր հին հայկական գորգեր՝ դրանք տեղափոխելով Արցախ, որոնք միացան Արցախի հայտնի գորգագործների հին գորգերին, բերված` Հայաստանի ու Արցախի տարբեր գյուղերից: