Հայաստանում կան փակ ճանապարհներ, որոշ հատվածներում բուք է, Շիրակի ու Տավուշի ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները»,- հայտնում են ԱԻՆ-ից։
Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհը փակ է բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ճանապարհները։
Սարավան-«Զանգեր» հատվածում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում։
Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։
Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա: